«Գլոբալ Բրիջ» կրթահամալիրի առաքելությունն է կրթել վաղվա պատասխանատու քաղաքացիների, դաստիարակել հոգատար, բանիմաց, լայն մտահորիզոնի տեր անհատների, առաջատար մասնագետների, ինչպես նաև նպաստել մեր երկրում շարունակական կրթության զարգացմանը, մասնագետների վերապատրաստմանը, նոր կրթական նախաձեռնությունների և կրթական նորարարությունների քանակական և որակական աճին, խթանել միջմշակութային հաղորդակցության զարգացումը, ստեղծել նախադրյալներ Հայաստանում գիտելիքահեն տնտեսության զարգացման համար կրթության  միջոցով, օժտել մեր սաներին ժամանակի պահանջներին համահունչ գիտելիքով և հմտություններով, սովորեցնել հարգել և զարգացնել հայկական մշակույթը, այն հպարտորեն ներկայացնել աշխարհին՝միևնույն ժամանակ գնահատելով համաշխարհային կրթական փորձը, պատմամշակութային արժեքները: Այս նպատակներին հասնելու համար մենք գործի ենք դնելու մեր աշխատակիցների, ուսուցիչների, գործընկերների նորարական գաղափարներն ու փորձը՝ապավինելով ինչպես ժամանակի փորձությունները հաղթահարած մեթոդներին, այնպես էլ նոր գաղափարների ճկունությանն ու կենսունակությանը:
Մեր տեսլականն է դառնալ տարածաշրջանի առաջատար կրթական հաստատություններից մեկը, լինել միջազգային ծրագրերով, համագործակցային մշակույթով առանձնացող, յուրօրինակ ինքնությամբ, հանրության կողմից բարձր գնահատականի արժանացած կրթական հաստատություն: Ապագայում մենք նախատեսում ենք ընդլայնել մեր գործընկերության աշխարհագրությունը,շարունակաբար ներգրավել նորանոր գործընկեր կազմակերպությունների կրթական գործընթացում: «Գլոբալ Բրիջ» կրթահամալիրը ձգտելու է լինել կրթական և հետազոտական նախաձեռնությունները սաղմնային վիճակից հասունացնող և դրանց մասին իրազեկող, հաջողված կրթական նախագծերը հայկական կրթական տարածությունում ամրապնդող կառույց: Մենք նպատակ ենք հետապնդում ապագայում դառնալ կրթական հաստատությունների ջանքերն ու գաղափարները մեկտեղող, զարգացնող, շոշափելի և մեծ ազդեցություն ունեցող արդյունքներ ապահովող կրթական կազմակերպություն: